6 խորհուրդ ճանապարհորդողների համար կիբեռանվտանգության մասնագետներից

CyhubArmenia
3 min readJul 16, 2022

Նախորդ հոդվածում ներկայացրել էինք մի քանի խորհուրդներ, որոնք վերաբերում էին ճանապարհորդության մեկնել պատրաստվողներին։ Իսկ ահա այս հոդվածում խոսելու ենք հաճախ հանդիպող «սխալներից», որոնք թույլ են տալիս մարդիկ արտերկրում գտնվելիս։

1․ Նվազագույնի հասցրե՛ք ձեր գտնվելու վայրի մասին հրապարակումները

Ճանապարհորդության մեկնողների մեծ մասը սիրում է կիսվել տպավորություններով՝ սոցիալական ցանցերում հրապարակումներ անելով ու նշելով իրենց գտնվելու վայրը։ Սա անվտանգության տեսանկյունից բավականին լուրջ սպառնալիք է։ Օրինակ, դուք նշում եք, որ հիմա գտնվում եք Աթենքի Ակրոպոլիսում, Փարիզի Նոտր Դամում կամ Կիպրոսի լողափերում, կիբեռհանցագործները ֆիքսում են ձեր՝ տանից կամ հյուրանոցից բացակայությունը, ինչն էլ ձեր անձնական իրերը ֆիզիկական ներխուժման առարկա է դարձնում։

Սոցիալական մեդիայի բաց պրոֆիլում հյուրանոցի հասցեն նշելը ձեզ խոցելի է դարձնում նաև ֆիշինգային խարդախությունների նկատմամբ: Հաքերները այս տեսակի տեղեկատվությունը կարող են օգտագործել մի քանի ձևով.

  • նրանք կարող են ներկայանալ հյուրանոցի անունից և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալ ձեր անձնական տվյալները,
  • նրանք կարող են զանգահարել ձեր հյուրանոց և օգտագործել այսպես կոչված «vishing» (ձայնային ֆիշինգ) մարտավարությունը, որի արդյունքում անձնավորում են ձեզ, և, օրինակ, ձեր հյուրանոցային միավորները փոխանցում իրենց:

Եթե ցանկանում եք կիսվել ճանապարհորդության մասին տպավորություններով, ապա նմանատիպ հաղորդակցությունը առավել ցանկալի է իրականացնել սոցիալական ցանցերի ոչ հանրային ալիքներում կամ մի փոքր սպասել #latergram-ի համար:

2. Զգու՛յշ եղեք հանրային Wi-Fi-ից օգտվելիս

Առանց գաղտնաբառի հանրային Wi-Fi ցանցերին միանալը բավականին հեշտ է, բայց այս դեպքում բացառված չէ ձեր անձնական տվյալների հասանելիությունը այդ նույն ցանցին միացած ցանկացած մարդու համար։ Նմանատիպ տհաճ իրավիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել Wi-Fi-ի հասանելիության այլընտրանքային աղբյուր, օրինակ՝ VPN կամ ձեր հեռախոսի շարժական Hotspot-ը։

Այս դեպքում դուք և՛ քողարկում եք ձեր IP հասցեն, և՛ կոդավորում եք այդ կապի միջոցով ուղարկված կամ ստացված տվյալները՝ խափանելով հաքերների՝ ձեր գործունեության արդյունքում անձնական տվյալներ հավաքագրելու պլանները։

3․ Անջատե՛ք Auto-Connect-ը

Հեռախոսների, նոթբուքների և պլանշետների զգալի թվով մոդելներում առկա է Wi-Fi ցանցերին ավտոմատ կերպով միանալու հնարավորությունը։ Իհարկե սա լավ հնարավորություն է, բայց եթե գտնվում եք ձեզ ծանոթ ու վստահելի միջավայրում։ Ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում անջատել այս կարգավորումը, որպեսզի ձեր սմարթֆոնը կամ նոթբուքը միանա որևէ ցանցի միայն այն դեպքում, երբ դուք ինքներդ կմիացնեք։

4․ Խուսափե՛ք հանրային համակարգիչներից

Շատ վայրերում առաջարկում են հանրային համակարգիչներ, որոնք կարող եք օգտագործել: Թվում է, թե շատ հարմար տարբերակներ են, բայց խորհուրդ ենք տալիս դրանցով ձեր որևէ առցանց կամ ֆինանսական հաշիվ մուտք չգործել, կամ դրանց մեջ քարտային տվյալներ մուտքագրել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, իսկ օգտագործելուց հետո փոխել ձեր հաշիվների գաղտնաբառերը։
Ինչպես նաև հիշեք, որ պետք է բացել դիտարկչի Ինկոգնիտո/Գաղտնի պատուհան՝ այլ ացյելուների ձեր տվյալները չտրամադրելու համար։ Հայտնի չէ, թե ով է մուտք գործել այդ համակարգիչներ, ինչ պաշտպանություն ունեն դրանք, վարակված են չարամիտ ծրագրերով /malware/, թե ոչ, կամ արդյոք նրանց վրա կցված են ֆիզիկական հետևող սարքեր, ինչպիսիք են keylogger-ները:

Այս կերպ կարող են գողանալ ձեր գրանցման տվյալները /login, password/, որոնք թույլ կտան կիբեռհանցագործներին մուտք գործել ձեր հաշիվներ նույնիսկ այն ժամանակ, երբ դուք արդեն տանն եք:

5. Անջատե՛ք Bluetooth-ը

Ինչպես Wi-Fi ցանցերին ավտոմատ կերպով միանալը, այնպես էլ Bluetooth-ը միացրած թողնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ձեզ համար։ Երբ դուք միացված եք թողնում Bluetooth-ը, այն ազդանշաններ է ստանում բոլոր կողմերից, ու մոտակայքում գտնվող մարդիկ կարող են միանալ ձեր հեռախոսին, այսպիսով՝ հասանելիություն ունենալով ձեր անձնական տվյալներին։ Հնարավոր հարձակումները կանխելու համար Bluetooth-ը միացրեք անհրաժեշտության դեպքում։

6․ Զգու՛յշ եղեք skimmer սարքերից

Հանցագործները կարող են օգտագործել այսպես կոչված skimmer սարքեր՝ բանկային քարտի տեղեկությունները պատճենելու համար՝ առանց ձեր քարտին դիպչելու կամ օգտագործելու: Ընդամենը վայրկյաններ են պահանջվում, որպեսզի ինչ-որ մեկը սարքը պահի ձեր բանկային քարտի վրա և պատճենի դրա տվյալները: Սա կանխելու հեշտ միջոցներից է RFID պաշտպանիչ դրամապանակի կամ քարտային կրիչի օգտագործումը, որը թվային պատ է ստեղծում ձեր բանկային քարտերի և skimmer-ների միջև: Մեկ այլ տարբերակ է ձեր քարտերը փայլաթիթեղի մեջ փաթաթելը․ այս դեպքում փայլաթիթեղը ևս արգելափակում է skimmer-ի ազդանշանը:

Skimmer-ները կարող են նաև տեղադրված լինել բանկոմատների և այլ քարտ ընթերցող սարքերի վրա։ Բայց այս դեպքում վերջիններիս աշխատանքը որևէ կերպ չի խախտվում, ուստի բարդ է լինում դրանց հայտնաբերումը։ Այս պատճառով խորհուրդ է տրվում բանկոմատներից կամ քարտեր ընթերցող սարքերից օգտվելիս ստուգել՝ արդյոք հավելյալ որևէ սարք չկա ամրացված։

Սրանք մի քանի պարզ խորհուրդներ են, որոնք ձեզ համար կապահովեն լիարժեք հանգիստ՝ առանց անձնական մի շարք տվյալների, կարևոր տեղեկատվության կամ ֆինանսական կորուստների։

Հաճելի հանգիստ~

CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ Կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի աջակցությամբ։

--

--

CyhubArmenia

CyHub Armenia is the main cybersecurity hub in Armenia. We are setting the stage for the next technological breakthroughs in Armenia’s cybersecurity.